Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 12

:
Armenian - NEA
1 Երբ Հովասը թագավոր օծվեց, յոթ տարեկան էր։
2 Հեուի թագավորության յոթերորդ տարում թագավոր դարձավ Հովասը, որը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Սաբիա էր, Բերսաբեե քաղաքից։
3 Հովասն արդար գտնվեց Տիրոջ առջև այնքան ժամանակ, որ Հովիդայեն դաստիարակում էր նրան։
4 Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
5 Եվ Հովասն ասաց քահանաներին. «Ողջ սուրբ արծաթը, որ նվիրվում է Տիրոջ տանը, լինի հաշվառման ենթարկված մարդկանց տուրքը կամ թե սրտի ցանկության նվեր,
6 քահանաները թող իրենց վերցնեն ամեն մեկն իր ծառայության եկամուտը, որպեսզի, որտեղ Տիրոջ տան քանդված մասեր լինեն, նորոգվեն»։
7 Մինչև Հովաս արքայի թագավորության քսաներկուերորդ տարին քահանաները Տիրոջ տան քանդված մասերը դեռ չէին նորոգել,
8 ուստի Հովաս արքան կանչեց Հովիդայե քահանային ու մյուս քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգել Տիրոջ տան քանդված մասերը։ Ձեր ծառայություններից ստացված արծաթը ձեզ մի՛ վերցրեք, այլ Տիրոջ տան քանդված մասերի նորոգմա՛նը հատկացրեք»։
9 Քահանաները համաձայնության եկան ժողովրդից արծաթ չվերցնել և ոչ էլ տան քանդված մասերը նորոգել։
10 Հովիդայե քահանան մի արկղ վերցրեց, վրան անցք բացեց և դրեց Տիրոջ զոհասեղանի կողքին։ Տիրոջ տունը պահպանող քահանաները Տիրոջ տանը գտնված ամբողջ արծաթը լցրին այնտեղ։
11 Երբ տեսնում էին, որ արկղի մեջ արծաթը շատացել է, կանչում էին արքունի քարտուղարների պետին ու քահանայապետին, որոնք գալիս էին, Տիրոջ տանը գտնված արծաթը ծրարում
12 և պատրաստ գումարը տալիս էին Տիրոջ տան գործավարներին, որ բաշխեն Տիրոջ տան ատաղձագործներին,
13 շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։
14 Սակայն Տիրոջ տուն բերված արծաթով Տիրոջ տան համար արծաթե դռներ, սեպեր, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ չպետք է սարքեին,
15 այլ այդ գումարը գործավորներին պետք է տային, որպեսզի նրանք Տիրոջ տունը նորոգեն։
16 Հաշիվ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին հանձնում գործավորներին տրվելիք արծաթը, որովհետև նրանք վստահելի էին,
17 իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։
18 Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։
19 Հուդայի արքա Հովասը իր հայրերի, Հուդայի արքաներ Հովսափատի, Հովրամի ու Օքոզիայի արած բոլոր նվիրատվություններն ու իր նվիրատվությունները, Տիրոջ տան ու թագավորի տան գանձարաններում գտնվող ամբողջ արծաթն ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղեմից։
20 Հովասի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արեց, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
21 Նրա ծառաները նրա դեմ ելան, դավաճանեցին նրան և Գաղաադում բնակվող Մաալոնի տանը սպանեցին Հովասին։
22 Նրան սպանեցին նրա ծառաները՝ Հեմավութի որդի Հովազաքարը և Սոմերի որդի Հեզեբութը. խփեցին ու սպանեցին նրան և թաղեցին իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ամեսսիան։